(ՄԱՍ III) Սպիտակ սենյակը
23 августа 2023, 11:31-Ինչպե՞ս կբացատրես ՀԵՐԹԱՊԱՀԻ մատները հերթով ջարդվելու իրողությունն ու մահը, — ՀՈԳԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ դիմաց նստած էր 33 – ամյա ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ, որից նա աչք չէր կտրում, անգամ երբեմն ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ իրեն վատ զգալով ուղղում էր ակնոցները, որոնք բացարձակապես դրա կարիքը չէին զգում։
Նրանք նստած էին սեանսների համար նախատեսված սպիտակ սենյակում, որի գույնն ու պատուհանի բացակայությունը ավելի շատ էին ճնշում, քան ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻ հարցերը։
-Ես շատ հանգիստ եմ խոսում քեզ հետ և չեմ ուզում, որպեսզի լարվես։ Թուլացիր և փորձիր պատասխանել իմ հարցերին։
-Դու շատ նման ես իմ մայրիկին, — ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ առաջին անգամ խոսեց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻ հետ։ Վերջինս իրեն հաղթանակած զգալով հարմար տեղավորվեց աթոռին և ավելի համակ ուշադրությամբ սկսեց լսել ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ, քան մի քանի րոպե առաջ։
-Դու առաջին անգամ խոսեցիր ինձ հետ։ Ինչ քեզ բերել են այստեղ, դու ոչ մի բառ չես արտաբերել։ Կարո՞ղ ես շարունակել։ Ինչո՞ւ ես ինձ նմանացնում քո մայրիկին։
-Նա շեկ մազեր ուներ, ինչպես դու, և կանաչ աչքեր։
-Նա ո՞ղջ է։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ լռեց մի քանի րոպե, ապա խորը հոգոց հանելով բացասական շարժեց։
-Իսկ հա՞յրդ։ Հաջորդեց նույն պատասխանը։
-Դու նրանց միակ երեխա՞ն էիր։
-Այո։ Բայց այդ գաղտնի՜քը... Ա՜յդ գաղտնիքը սպանեց ընտանիքիս, — ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻ զգացմունքները սկսեցին լարվել, և երբ, ԱՆՎԱՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ տեսավ այդ, փորձեց մոտենալ, բայց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ ձեռքով կանգնեցրեց նրան։ Վերջինս քաշվեց իր տեղը։
-Ի՞նչ գաղտնիք։
-Սպանե՜ց նրանց․․․ ամեն մեկին երկու մասի բաժանեց, հետո արյունով լվացվեց ու...
-Արյունով լվացվե՞ց... Ո՞վ լվացվեց։
-Նա...
-Նա ո՞վ։
Հետևեց երկար դադար, կարծես ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ փորձում էր մանրակրկիտ հիշել այդ սարսափելի տեսարանների հաջորդականությունը, սակայն նա վեր թռավ տեղից, երբ հանկարծակի զանգեց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻ բջջայինը;
-Ինչպե՞ս թե․․․- ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ նայեց սենյակում գտնվող միակ երկար հայելուն, որի հակառակ կողմում կանգնած էին բժիշկներն ու ոստիկանությունը։ ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ մի պահ լռեց, կարծես բջջայինից ինչ-որ ձայն նախատեր և հրամայեր նրան նմանատիպ հարցեր չտալ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ։
-Բայց դա իմ աշխատանքն է, ես պետք է իմանամ ՝ թե․․․, — բջջայինից այն կողմ ձայնի հրամայական ու բարկացած տոնը լռեցրեց ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ և վերջինս անջատելով բջջայինը նայեց ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԻՆ։
-Կներես, մեր սեանսը կհետաձգվի մինչև մյուս շաբաթ, — ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԸ բարձրացավ տեղից՝ ձեռքի տակ տեղավորելով փաստաթղթերը և նոթատետրը, սակայն երբ քայլեց նրա կողքով , որպեսզի մոտենար դռանը ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵԿԱՆԸ կամաց՝ լսելի լինելու միայն ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻ համար շշնջաց․
-Նրանք քեզ կարգելեն ինձ հետ երկար խոսել։ Բայց այդ գաղտնիքը թաքնված է իմ մեջ ու այն ինձ հանգիստ չի տալիս։ Ես առողջ եմ հոգեպես։ Եթե չես հավատում, ես կարող եմ ցանկացած տրամաբանական հարցի պատասխանել։ ԵՍ ԱՌՈՂՋ ԵՄ, գրողը տա՜նի, — նա սկսեց բարձր բղավել կրկնելով՝ «ԵՍ ԱՌՈՂՋ ԵՄ»։
Հիվանդասենյակ ներխուժեցին անվտանգության աշխատակիցները և դուրս հանեցին ՇԻԿԱՀԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ։
Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!