История начинается со Storypad.ru

(ՄԱՍ I) Կուսակրոնի արյունոտ մատները

23 августа 2023, 11:28

Հիշում եմ՝ կանգնած էի եկեղեցու դիմաց, նայում էի եկեղեցու գմբեթի ցցված խաչին։ Ընդամենը 10 տարեկան էի։ Աչքերս սառել էին խաչի վրա, իսկ շրթունքներս ինքնաբերաբար դողում էին նրա ահռելի տեսքից։ Հանկարծակի սկսեց սառը օդ փչել, կարծես ինչ-որ մեկը այն փչեր ուղիղ ինձ վրա՝ ոտքիս մատներից մինչև ճակատս, իսկ հետո անձրևեց։ Բայց նույնիսկ անձրևը չշարժեց ինձ տեղից։ Ես միևնույն է' չռած աչքերով նայում էի ցցուն ահռելի խաչին, և աչքերս ակամայից թրջվում էին, չէ՜, անձրևի կաթիլները չէին թրջել, այլ հույզերս։

Հետո հիշում եմ մորս ու հորս ձայները, նրանք կանչում էին ինձ, բայց ես միայն մի ձայն էի լսում՝ խաչի ու անձրևի կաթիլների։ Երկու հոգի թևերիցս բռնեցին ու տարան ինձ տուն։

-Հետաքրքիր է, թե ինչո՞ւ էիր այդպես կանգնել ու նայում եկեղեցուն,- հայրս սկսեց գլուխս սրբիչով չորացնել, իսկ ես դեռևս տպավորության տակ՝ ձայն չէի հանում;

-Ես միշտ ասել եմ՝ մեր տղան իր պապիկի նման վանական է դառնալու, — մայրս մի պահ հուզվեց (շատ էի ուզում հարցնել, թե ինչո՞ւ հուզվեց, բայց բերանս անդավաճան փակ էր մնում)։

-Գիտես՝ այնուամենայնիվ հորդ պահով ինձ մի հարց շատ է տանջում, — հայրս լրջացավ ու նստեց աթոռին։ Մի պահ նայեցի նրան ու նկատեցի շեկ գանգուրներից թափվող ջրի կաթիլները, իսկ մի քանի վայրկյան անց նրա տաբատի վերին հատվածը ջրի կաթիլներից լիովին թրջվեց;

-Ասա, սիրելիս, — մորս ձայնը մի պահ դողա՞ց, թե՞ ինձ այդպես թվաց։

-Եթե հայրդ վանական է եղել, ապա ինչպե՞ս է նա ամուսնացել։ Վանականները կուսակրոն կյանքով պիտի ապրեն, մինչդեռ հայրդ երևի այդպես չէր մտածում։

Մայրս մի պահ լռեց, հետո նստեց հորս դիմաց ու կանաչ աչքերով ուշադիր ինձ էր հետևում: Այդ հարցի պատասխանը նաև ինձ էր տանջում, բայց լռելն ավելի գերադասելի էի համարում:

-Իմ հայրը նախքան վանական դառնալը արդեն ամուսնացած էր եղել սիրելիս, — մայրս դժվարությամբ էր արտաբերում բառերը։

-Ու ես այդ պատմությունը շատ լավ գիտեմ, ճի՞շտ է, — հայրս բավականին վատ էր տրամադրված այդ պատմությանը, բայց քիչ անց ն նայեց ինձ ու աչքերն ինձնից չհեռացնելով՝ ավելացրեց։ — Դու կարող ես մեր տղային էլ պատմելն այդ պատմությունը։

Հետաքրքրությունից այրվում էի՝ իմանալու ամուսնացած «վանական» պապիս պատմությունը, բայց մայրս հանգցրեց հետաքրքրությանս կայծը՝ մի նախադասությամբ։

-Կմեծանա, ու ես օրերից մի օր կպատմեմ։

-Ես հիմա եմ ուզում իմանալ, — վերջապես խոսեցի ու թունոտ նայեցի աչքերի մեջ։

-Ես քեզ խնդրել էի, որ նմանատիպ խոսակցություններ երեխայի մոտ չանես, — մայրս արագ վեր կացավ և գնաց ննջասենյակ՝ այդպիսով արտահայտելով իր դժգոհությունը: Հայրս գլուխը կախեց և րոպեներ անց գնաց նրա ետևից։

Խոհանոցից դուրս եկա և մտքերով տարված՝ չգիտես ինչպես քայլեցի անտառի կողմը, որը մեր տնից այդքան էլ հեռու չէր։ Հետևելով թիթեռնիկի ծաղկից-ծաղիկ անհոգ թռիչքին' մտածում էի պապիս հետ կապված մութ պատմության մասին, որը մայրս խոստացավ ինձ պատմել՝ երբ կմեծանամ։ Չհասցրեցի մարսել բնությունն ու թիթեռնիկներին, երբ նկատեցի հորս, որը իմ անունն էր տալիս։

-Տարածքում եմ, հայրիկ, — բղավեցի, երբ հասկացա , որ նա սովորականից ավելի բարձր է բղավում անունս։

Քիչ անց հեռվից նշմարվեց հորս սպիտակ վերնաշապիկը, իսկ հետո նրա այլայլված դեմքը;

-Քեզ ասել էինք, որ շատ հեռու չգնաս, — նա բռնեց ձեռքիցս, որ ինձ տուն տաներ, բայց ընդվզեցի և սկսեցի լաց լինել;

-Ինչի՞ ես լաց լինում, — խոնարհվեց դիմացս՝ նայելով աչքերիս մեջ։

-Ես ուզում եմ իմանալ պապի գաղտնիքը, — ինքս էլ չէի հասկանում լացիս իրական պատճառը։

-Ես քեզ կպատմեմ, բայց պիտի խոստանաս, որ լաց չես լինելու այլևս և մայրիկիդ էլ չես ասելու։

-Ես գլխով արեցի և թևքով մաքրեցի արցունքներս։

Հայրս ինձ տարավ գետակի մոտ։ Նստեցինք ափին, երբ հասկացանք որ ամպերի գոռոցները հուշում են մոտալուտ անձրևի մասին։ Նայեցի հորս։ Նրա բաց շագանակագույն աչքերը նայում էին հեռուն և ինչ-որ բան էին փնտրում, հետո ծանր հոգոց հանեց և փակեց աչքերը՝ կարծես պատմելու համար հատուկ ծիսակարգ իրականացներ։

-Քո պապին շատ բարի ու լավ մարդ էր։ Նա անմիջական էր, բայց միաժամանակ սովորականից բարդ ու ազատ մտածողություն ուներ։ Նա միակն էր իր շրջապատում, որ համարձակվեց կուսակրոն չլինելով հանդերձ, որովհետև տատիկդ արդեն հղի էր մայրիկովդ, դառնալ վանական ու եկեղեցում ծառայել։ Գիտեմ՝ հիմա ինքդ քո մեջ կհարցնես, թե ինչպես պատահեց, որ վանականները ամուսնացած մեկին վանական դարձրեցին և դա եկեղեցուն դեմ քայլ չհամարեցին։ Պապիդ խիզախ գտնվեց և խոսեց այն մասին, որ ցանկացած ոք կարող է վանական դառնալ, եթե մաքուր է հոգով։

-Իսկ գաղտնի՞քը, հայրիկ, ո՞րն էր այդ պատմության գաղտնիքը։

Հայրս չհասցրեց արտաբերել մի բառ, երբ ուժեղ անձրև տեղաց; Նա արագորեն ինձ իր շալակն առավ ու վազեց տուն։ Երբ տուն մտանք, նկատեցի մորս գլուխը ննջասենյակի բաց դռնից, որը անօգնական դրված էր բարձին. քնել էր։

-Այդ մասին տանը չենք խոսում, — շշնջաց հայրս և ժեստով հասկացրեց, որ մենք գաղտնիք ունեք։ Ես գլխով արեցի և սեղանից վերցնելով խնձորը՝ շտապեցի սենյակ:

1210

Пока нет комментариев. Авторизуйтесь, чтобы оставить свой отзыв первым!